Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Կես ժամով փողոց փակողներն աչքի ընկնող պաշտոններ են ստանում»

«Կես ժամով փողոց փակողներն աչքի ընկնող պաշտոններ են ստանում»
29.06.2018 | 02:40

«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին դեպքերից հետո իշխանության եկած նոր թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է բավարարի մեծ ակնկալիքներ ունեցող հասարակության պահանջները: Բայց նոր իշխանություններն այդպես էլ մինչ օրս չեն ներկայացրել Հայաստանի զարգացման այն տեսլականը, որը կտարբերվի նախորդների որդեգրածից: Քայլերի հաջորդականությունը հուշում է մեկ բան՝ նորեկները կառավարում են՝ շարունակելով «հին ու բարի» ավանդույթները»,- «Իրատեսի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ հավելելով, որ Փաշինյանն ու թիմակիցները մինչ այս պահը զբաղված են հինը ջարդելով, փոխարենը, սակայն, նորը չեն կառուցում:


Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ նոր կառավարիչների առաջին քայլը պետք է լիներ հասարակության սոցիալական վիճակի բարելավումը, ինչի ուղղությամբ ներկա իշխանությունները ոչ միայն քայլեր չեն նախաձեռնում, ավելին, կարծես, նման նպատակ էլ չունեն:


Անդրադառնալով տարբեր ոլորտներում նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ «Իրատեսի» զրուցակիցը վստահեցրեց, որ, խոշոր հաշվով, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ասաց՝ թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ տնտեսական բլոկում, թե՛ կադրային նշանակումներ կատարելիս Փաշինյանն առաջնորդվում է նախորդների քայլերի տրամաբանությամբ:


«Վերջերս ՄԱԿ-ում քննարկվում էր Մերձդնեստրի տարածքից Ռուսաստանի խաղաղապահ զորքերը հեռացնելու հարցը, ինչին Հայաստանը, ի թիվս այլ երկրների, «դեմ» քվեարկեց: Ինչ խոսք, Հայաստանը կարող էր չքվեարկել կամ ձեռնպահ քվեարկել, բայց ցույց տվեց, որ ՌԴ-ի շահերին դեմ քայլեր չի անում, ինչպես նախորդ իշխանությունները: Հարց է առաջանում՝ ինչու՞ այն գործիչները, որ նախկինում Սերժ Սարգսյանին ու նրա կառավարությանը քննադատում էին ռուսահպատակ լինելու համար, այժմ նույն տրամաբանությամբ են առաջնորդվում: Բացի այդ, չմոռանանք, որ գործող վարչապետը նախկինում հանդես էր գալիս ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչերով, մինչդեռ վարչապետ դառնալուց հետո հրաժարվեց իր այդ գաղափարից, ու պարզվեց՝ առանց ԵԱՏՄ-ի մեր երկիրը չի կարող զարգանալ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:


Խոսելով ներկա իշխանությունների իրականացրած տնտեսական քաղաքականությունից, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետը նկատեց՝ այստեղ ևս ֆունդամենտալ տարբերություններ չեն նկատվում, նախկին իշխանությունների ներդրած կուտակային համակարգն այսօր նույնպես արդիական է:


«Տեսեք՝ նրանց ձեռքով վերջնականապես ընդունվեց կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչը՝ նախկին տեսքով, որից դժգոհ էր հասարակությունը: Միայն չնչին և ոչ էական շտկումներ եղան: Հիմա էլ խոսում են օրենքում այլ շտկումներ անելու մասին, այնինչ, նման նախաձեռնությամբ դեռ նախորդ իշխանություններն էին հանդես եկել, նրանք ևս պատրաստվում էին օրենքում որոշակի լրացումներ ու փոփոխություններ անել: Նույնը վերաբերում է Հարկային օրենսգրքին: Դրանում ևս որոշակի չնչին շտկումներ արվեցին, բայց գործարարների, փոքր ու միջին ձեռնարկատերերի մտահոգությունները չփարատվեցին: Նրանք արդեն իրենց դժգոհությունն են հայտնում, հայտարարելով, որ նոր օրենսգիրքը վնասում է իրենց»,- ասաց Արմեն Բադալյանը, հավելելով, որ, ըստ իր տեղեկությունների, պետական եկամուտների կոմիտեում այժմ այնպիսի մարդիկ են աշխատանքի անցնում, որ նախկին իշխանությունների կողմից հեռացվել են անբարեխիղճ աշխատանքի պատճառով:
Նախորդ կառավարության նման այս կառավարությունը ևս տնտեսության զարգացման գերակա ուղղություններ է սահմանել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտները, իսկ ինչո՞վ են զբաղվելու այն մարդիկ, որ ո՛չ տուրիզմի մենեջեր են, ո՛չ հող ունեն դրանում ինչ-որ բան աճեցնելու համար, ո՛չ էլ մաթեմատիկոս են, որ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնեն:
«Այդ մարդկանց կառավարությունն ի՞նչ է առաջարկում, ինչպե՞ս վաստակեն իրենց ապրուստի միջոցը: Արդյունաբերության զարգացումը, որը տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է, տեղ չի գտել կառավարության ծրագրում, բայց չէ՞ որ արդյունաբերությունն է, որ ի վիճակի է ամենաշատ աշխատատեղերն ապահովելու: Դրա մասին անգամ քննարկումներ չեն կազմակերպվում մասնագետների հետ, նրանց կարծիքի, խորհուրդների հետ հաշվի չեն նստում»,- շեշտեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ ներկա իշխանությունները պատկերացում չունեն, թե Հայաստանը 15-20 տարի հետո ինչպիսի երկիր պետք է լինի, իսկ պատճառաբանությունը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կրկին իշխանության գալով միայն լուրջ ու ծանրակշիռ ծրագիր կներկայացնեն, ընդամենը հարցադրումներից խուսափելու միջոց է:


Շարունակելով թեման` Բադալյանն ասաց, թե մարդիկ արդեն իսկ հասկանում են՝ ամեն ինչ չէ, որ իրենց պատկերացումների շրջանակում է:
«Ի՞նչ նշանակություն ունի՝ մարդիկ արտագաղթում էին Սերժ Սարգսյանի՞ ժամանակ, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Եթե ապագայի տեսլական չկա, մարդիկ շարունակելու են լքել երկիրը»,- նկատեց նա:
Կադրային քաղաքականության հարցում նույնպես, ըստ Բադալյանի, ներկա իշխանությունները հետ չեն մնում նախորդներից՝ աչքի ընկնող պաշտոններում նշանակելով իրենց սատարող, աջակցող ու հարող մարդկանց:
Քաղտեխնոլոգը նկատեց, որ թեև վարչապետը խոստացել էր, որ կադրային ջարդ չի իրականացնելու, բայց հակառակն ենք տեսնում, և այն մարդիկ, ովքեր կես ժամով այս կամ այն փողոցն են փակել, փոխարինում են ոչ միայն քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնողներին՝ նախարար, նախարարի տեղակալ, մարզպետ, այլև շատ ավելի ցածր օղակներում աշխատողներին:


«Անհասկանալի է նաև ամենատարբեր պաշտոնյաների՝ ԵՊՀ ռեկտորի, դատախազի, ՏԻՄ ղեկավարների հրաժարականի պահանջ ներկայացնելը: Այո, վերջիններս կարող են չարաշահումներ արած լինել, բայց դրա համար ոչ թե հրաժարականի պահանջ պետք է ներկայացնել, ինչը հաճախ գռեհիկ կերպով են անում, այլ պատասխանատվության կանչել վերջիններիս,- նշեց Արմեն Բադալյանն ու ամփոփեց.- Իսկ նրանք, ովքեր փորձում են այս կառավարության հասցեին որևէ քննադատություն հնչեցնել, անարգանքի սյունին են գամվում: Անհանդուրժողականության մթնոլորտը խեղդում է, ինչն արժեքների հեղափոխության մասին չի վկայում»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ